ՄԵԾ ՔԱՂԱՔԻ «ՓՈՔՐ» ՄԱՐԴԻԿ
-«Աշխարհըս մե փանջարա է, մըտիկ տըվողըն կու խուցվի, խաղերումեն բեզարիլ իմ»,-մետրոյից հրապարակ տանող աստիճանների վրա նստել և քամանչայի նվագակցությամբ ինքնամոռաց ու սրտահույզ երգում է թափառական երաժիշտը: Երգն աղոթքի նման տարածվում, հալչում է օդում` պարուրում արևով ներծծված աստիճաններով վերուվար անող մարդկանց: Զգում եմ, որ հոգիս թրթռում է մեծանուն աշուղի իմաստուն, սրտահույզ բառերից, իսկ թախծանուշ մեղեդին ցավով զարկվում է սրտիս` արցունք բերելով աչքերիս:
-Անունդ ի՞նչ է, վարպե՛տ,- հարցնում եմ:
-Վլադ,- պատասխանում է:
-Որտե՞ղ եք սովորել նվագել և այդքան լավ երգել:
-Երաժշտական կրթություն ունեմ, որն ստացել եմ Կապանում: Դրանից հետո երկար տարիներ աշխատել եմ նույն քաղաքի մշակույթի պալատի ժողգործիքների համույթում` որպես քյամանահար: Իսկ երգելը բնատուր է: Աշուղական մեր հին երգերը սիրել և երգել եմ դեռ մանկուց, իսկ այսօր դրանք ինձ համար նաև հանապազօրյա հաց վաստակելու միջոց են,- շարունակում է նա:
-Գո՞հ եք Ձեր վաստակից:
-Դժգոհ չեմ, գոնե օրվա հացութացին հերիքում է, օր կա՝ շատ եմ վաստակում, օր էլ կա՝ ավելի քիչ: Մեր ժողովուրդը երգ ու երաժշտություն սիրող է, նույն ձևով ընդունում է նաև իմը: Անտարբեր անցնող մարդիկ շատ չեն, գոհ եմ բոլորից, նույնիսկ չտվողներից էլ, որոնք եթե ունենան, երևի ավելի շատ կտան:
-Միայն օրվա հացի համա՞ր եք նվագում, թե՞…
-Չէ, նաև ինքս ինձ համար, մարդկանց ժպիտ պարգևելու, նրանց խրախուսական խոսքերի համար, որոնք ինձ ոգևորում են` վերադարձնելով կարծես ջահելությունս ու անցած բեմական օրերը:
-Զավակներ ունե՞ք, նրանցից որևէ մեկը ժառանգե՞լ է Ձեր շնորհքը:
-Հա, տղաս Ղարաբաղի սահմանային առաջնագծում (Միջնավանում) հրամանատար է: Եկող-գնացողի հետ մեկ-մեկ փող է ուղարկում, որն էս գործից ստացվածին ու թոշակիս «կպցնելով» մի կերպ յոլա ենք գնում ես ու պառավս: Իսկ թոռներս (մեռնեմ նրանց) երկուսն են: Տղա թոռս իսկը ես եմ, ինձ է քաշել ամեն ինչով, ափսոս երեսները քիչ եմ տեսնում:
-Ինչո՞ւ, չե՞ն կարողանում հաճախակի գալ Հայաստան:
-Հա, ուշ-ուշ են գալիս,- հառաչում է, որից նրա բարի, կարծես ներքին լույսից ողողված դեմքը մի պահ մթնում է, երևի զավակների կարոտից և նրանց հետ կապված հիշողություններից:
-Ձեզ հաջողություն եմ ցանկանում, վարպետ, սա էլ Ձեր հոնորարը,- ձեռքիս արծաթե դրամը սահեցնում, դնում եմ նրա քամանչայի պատյանում հավաքված մյուս դրամների կողքին և հրաժեշտ տալով դուրս եմ գալիս գետնուղուց:
Քիչ անց տանն եմ, սակայն ականջներումս և հոգուս մեջ դեռ հին, շատ հին երգն է, մտքումս նրա բառերը, որոնք երևի թե ասվել են բոլոր ժամանակներում ապրողների համար. «Աշխարհըս միզ մնալու չէ, իմաստնասիրաց խաբարով, գուզիմ թռչիլ բըլբուլի պես, բաղերումեն բեզարիլ իմ»:
Այո, աշխարհը հավերժ չէ և մանավանդ անգույն է թվում, երբ շուրջդ կան և լիքն են «մի կերպ յոլա գնացող» կամ չունեցածով ապրող մարդիկ: Իսկ նրանք շատ շատ են` առավոտից երեկո խանութ-շուկաներում օրավարձով աշխատանք փնտրող բանվորներ, փողոցների որոշակի մասերում կանգնած, իրենց աշխատուժն ամենացածր գներով առաջարկող արհեստավորներ, մասնավոր և պետական գրասենյակներում աշխատանքի հերթագրված և ամիսներով սպասող տարբեր մասնագետներ և էլի շատ շատերը:
Դրանք նաև այն անձինք են, ովքեր երբեք չեն կորցնում իրենց հավատը գալիք լավ օրվա հանդեպ և նրանց զավակների արիության ու կյանքի գնով է, որ անառիկ են մնում մեր մայր երկրի սահմաններն ու պահպանվում է խաղաղությունը:
Նշվածների մեջ նաև պահի տակ մեզ կենդանի հնչողությամբ իրենց երգն ու երաժշտությունը պարգևող թափառական կոչվող երաժիշտներն են, որոնք հատկապես երեկոյան ժամերին մայրաքաղաքի գետնուղիներ տանող աստիճանների վրա են, փողոցի անկյուններում, անգամ շենքերի բակերում: Նրանց հնչեցրած անպաճույճ երգերը, որոնք լուսավոր տխրության հետ մեզ մի պահ կտրում են առօրյայից` թեթևացնելով ու իմաստավորելով մեր զգացողությունը, հիմնականում հայ մեծանուն աշուղների հոգեհարազատ ստեղծագործություններն են:
Հիշենք, որ թափառական (ակորդեոնահար, ջութակահար, սրնգահար, քամանչահար, կիթառահար) երաժիշտները, որոնց նկատմամբ կյանքը սկզբից էլ այնքան բարեհաճ չի եղել, բոլորիս նման սիրող, տանջվող, ուրախացող ու տխրող մարդիկ են (մեծն Թումանյանի ասածի պես` գուցե մեզնից էլ շատ լավ մարդիկ): Դրվատանքի խոսքերից բացի, նրանք մեզնից փոքր, շատ փոքր (միաժամանակ թաքուն ու ամոթխած) ակնկալիք ունեն` հանապազօրյա հացի խնդրի հետ կապված ակնկալիք:
Եկեք, ուրեմն, ինչ-որ չափով օգնենք նրանց` այդ հացն ավելի արժանավայել ձևով վաստակելու:
Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ